ԱՄՆ-ում  կալանավորվել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի ավագ որդի Խուան Պաբլո Կարտեսը` անձի վրա հարձակում գործելու մեղադրանքով: Նա կալանավորվել է  Մայամիում` հոկտեմբերի 20-ի առավոտյան, հայտնում  է EFE գործակալությունը:  Պարագվայի նախագահի 29-ամյա որդին բնակվում եւ սովորում է Մայամիում: 

Պարագվայի մամուլը հայտնում է, որ նախագահի որդին արդեն ազատության մեջ է, նրա համար վճարել են 1,5 հազար դոլար տուգանք:

Պարագվայի դիվանագիտական ներկայացուցչությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը, սակայն Կարտես ընտանիքը հայտարարություն էր տարածել, որտեղ ափսոսանք էր հայտնել կատարվածի համար, հայտնում է rbc-ն:

Օրասիո Կարտեսը Պարագվայի նախագահի պաշտոնն ստանձնել է վերջերս. նա հաղթել էր ապրիլի նախագահական ընտրություններում, որտեղ ներկայացնում էր աջ պահպանողական «Կոլորադոյի կուսակցությունը»: Նա հայտնի է որպես ծխախոտի, խմիչքների եւ մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր: