Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը չի բացառել Մոսկվայում եւ Մերձմոսկվայում միգրանտների նկատմամբ հատուկ ռեժիմի կիրառումը: Քաղաքապետն այդ մասին եզրակացրել է` Արեւմտյան Բիրյուլեւոյում խժդժություններից հետո միգրացիոն օրենսդրության մեջ բազմաթիվ խախտումներ հայտնաբերելը մեկնաբանելով: Նա նկատել է, որ ներկայումս Մոսկվայում ապրում են 500-600 հազար ներգաղթյալներ, իսկ Մոսկվայի մարզում` երկու միլիոն:
Սոբյանինը կարծում է, որ սկզբունքորեն կարելի է վիզային ռեժիմ կիրառել:
Սերգեյ Սոբյանինը կրկին դեմ է արտահայտվել միգրանտների ընդհանուր ինտեգրմանը: «Եթե որեւէ մեկին պետք է ինտեգրել, ապա գոնե համապատասխան մշակութային միջավայրից` լեզվի, պատմության տեսանկյունից: Դրանք կարող են լինել մարդիկ Ուկրաինայից, Բելառուսից: Իսկ Միջին Ասիայի բնակիչներին դժվար է հարմարվելը: Նրանց մեծ մասը, հատկապես երիտասարդությունը, ռուսերեն էլ չի խոսում: Ես միգրանտներին այստեղ պահելու ոչ մի պատճառ չեմ տեսնում», - քաղաքապետի խոսքերը փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ընդ որում նա նշել է, որ Մոսկվայում միգրանտների թիվը աստիճանաբար պետք է նվազի, իսկ նրանց աշխատանքի որակը` բարձրանա:
Նա ընդգծել է, որ վերջին մի քանի տարում Մոսկվայում միգրանտներին օգտագործելու քվոտան պահպանվում է 200 հազարի մակարդակի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սոբյանինը նաեւ նկատել է, որ երաշխիք չկա, թե Բիրյուլեւոյի նման դեպքեր չեն կրկնվի:
Սոբյանինը հայտնել է, որ ռուսաստանցիների աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ է ստեղծել տնտեսական խթաններ: Նա խոստովանել է ներռուսաստանյան միգրացիայի հետ կապված հարցերի լուծման դժվարությունը: «Երբ քաղաքացիները պահանջում են կարգուկանոն հաստատել միգրացիայի ուղղությամբ, կարծում եմ, որ 60%-ը ենթադրում է ոչ թե արտասահմանցիներին, այլ հարավային հանրապետություններից մեր սեփական քաղաքացիներին», - ասել է նա: Քաղաքապետը նշել է, որ այդ մարդկանց մի մասն ամբողջությամբ ադապտացվել է եւ նույնիսկ հասարակության վերնախավում է ընդգրկված, իսկ մյուս մասն էլ հանցավոր գործունեությամբ է զբաղվում, որը լարվածություն է առաջացնում:





























