Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում՝ Westgate առեւտրի կենտրոնում, տեսախցիկներից ստացված տեսագրությունները հաստատել են ավելի վաղ շրջանառող հաղորդագրությունները՝ կապված զինվորականների կողմից դիակապտության եւ կողոպուտի հետ: 

Associated Press-ի ուշադրության կենտրոնում հայտնված կադրերից երեւում է, թե ինչպես են զինվորական համազգեստով մարդիկ վերցնում ցուցափեղկերին դրված ապրանքները ու դուրս տանում մեծ պլաստիկ տուփերով: Ավելի վաղ Քենիայի ԶՈւ հրամանատարությունը այդ տեղեկությունները հերքել էր:

Քենիայի ՆԳ նախարարը տեղեկացվել է կողոպուտի մասին եւ խոստացել դատի տալ մեղավորներին, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին մի խումբ զինված մարդիկ հարձակվել են Westgate առեւտրի կենտրոնի վրա: Ահաբեկչության համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել«Աշ-Շաբաբ» խմբավորումը: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է 67 մարդ: