Ռուսական միգրացիոն քաղաքականությունը պետք է խստացնել` հատկապես Արեւմտյան Բիրյուլեւոյի խռովություններից հետո:

Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում ներկայացրել է բնակության իրավունք տրամադրելու կարգուկանոնը խստացնելու  բարեփոխման մասին, հայտնում է rbc-ն: Նա նաեւ նշել է, որ կխստացվի  միգրացիոն հոսքի վերահսկողությունը:

«Գալիս են չհարմարվող,  անկիրթ երիտասարդներ Միջին Ասիայից: Նրանք լարվածություն են ստեղծում Ռուսաստանի բնակչության շրջանում, ինչն էլ ազդում է այն եկվորների վրա, որոնք իսկապես պետք  են Ռուսաստանին»,– հայտնել է ԴՄԾ-ի պետը: ՌԴ ժամանած մարդկանց տեղաշարժերին պետք է հետեւել, նրանց պետք է կառավարել, հավելել է նա: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է մտրակ` թեկուզ փափուկ, քաղաքակիրթ»,– ընդգծել է Ռոմոդանովսկին:

Ժամանակավորապես բնակվողի կարգավիճակ է ստանում Ռուսաստանում առնվազն 90 օր մնալ վճռած միգրանտը: Ինչ վերաբերում է մշտական բնակության կարգավիճակին, ապա  այն կունենա բնակության ընթացքում համապատասխան քանակությամբ միավորներ հավաքած միգրանտը: «Միավորները նշանակվում են, օրինակ, ռուսերենի իմացության, Ռուսաստանում կրթություն ստանալու, բարձր որակավորման համար»,–  պատմել է Ռոմոդանովսկին: Ներկայումս ՌԴ մուտքն արգելվել է 285000 մարդու համար, պատմել է ԴՄԾ-ի պետը:

Ըստ նրա` եկվորների նկատմամբ ռուսաստանցիների անհանդուրժողականության հարցը կարելի է լուծել միգրանտների որակը բարձրացնելու ճանապարհով: