Քենիայի տարբեր քաղաքներում անհայտ անձինք քրիստոնյա երկու հոգեւորականի են սպանել: Սպանությունը տեղի է ունեցել Մոմբաս քաղաքում՝ ծայրահեղականների հետ կապի մեջ կասկածվող իսլամական քարոզչի սպանության հետեւանքով առաջացած խռովություններից երկու շաբաթ անց:

Մոմբասի ավետարանչական եկեղեցիներից մեկի տեսուչ Չարլզ Մատոլեն հոկտեմբերի 20-ին սպանվել էր  գլխին ստացած կրակոցից:  Քահանայի դիակի կողքին Աստվածաշունչ էր հայտնաբերվել: Երկրորդ սպանությունը տեղի էր ունեցել Քիլիֆի քաղաքում` Մոմբասից 60 կմ հեռավորության վրա: Թփուտներում հայտնաբերվել էր Արեւելաաֆրիկյան եկեղեցու քահանա Իբրահիմ Քիդատիի մարմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  AFP-ն:

Անկարգությունները Քենիայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոմբասում  սկսվել են հոկտեմբերի սկզբից՝ իսլամական քարոզիչ Իբրահիմ Իսմայիլի սպանությունից հետո, որին կասկածում էին սեպտեմբերի 21-ին մայրաքաղաք Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնը գրաված ծայրահեղականների հետ կապերի մեջ: Ոստիկանությունն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ էր կիրառել: Չորս մարդ զոհվել էր: