Եթե լաբորատորիայի հարցը լուծվի, ապա Հայաստանը կկարողանա մեծ քանակությամբ մեղր արտահանել Եվրոպա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղվաբույծների միության նախագահ Ռոզա Ծառուկյանը՝ մեկնաբանելով Եվրամիությոնում հայկական մեղրի ներմուծման թույլտվություն տալու որոշումը: «Բազմիցս Եվրոպայում մասնակցել եմ ցուցահանդեսների՝ մեր մեղրի որակը շատ բարձր է: Բայց մեծ աշխատանք ունենք սննդի անվտանգության ծառայության հետ, Բախչագուլյանի հետ եմ պայմանավորվել՝ առաջիկայում կարգավորենք լաբորատորիայի հարցերը»,- ասաց Ռ. Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մեղվաբուծությունը մեծ զարգացում է ապրել, 2002 թ. կար 77 հազ. մեղվաընտանիք, ներկայում՝ 530 հազարից ավելի է: Տիկ. Ծառուկյանն ասաց, որ կառավարությունը կարեւորել է այս ճյուղը, ու մեղվաբուծությամբ զբաղվում են բազմաթիվ մտավորականներ:

Ըստ Ռ. Ծառուկյանի՝ եթե Եվրոպայում հայկական մեղրը հավատարմագրեն որպես էկոլոգիապես մաքուր, ապա գինը կբարձրանա մինչեւ 40 դոլար՝ 1 կգ-ի համար: Իսկ ներկայում Եվրոպան մեղրի համար պատրաստ է վճարել 3-4 դոլար, ինչը ձեռնտու չէ մեղվապահներին: