Ծաղկաձորի գլխավոր հատակագծով նախատեսված այգեպուրակի տարածքով նախատեսվում է ճեմուղու եւ ավտոկայանատեղի շինարարություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը հրապարակել է այդ նպատակով ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական եզրակացությունը: Սակայն ներկայացված փաստաթղթում նշում չկա, թե որ կազմակերպության կողմից եւ որի պատվերով է իրականացված ուսումնասիրությունը:

Ուսումնասիրության մեջ նշվել է, որ այգեպուրակի օգտագործումը դժվարանում է հետիոտնի ուղիների բացակայության պատճառով : Նախատեսվող ճեմուղին սկսվում է Վ. Հարությունյան  փողոցից, բարձրանում է խիստ թեք լանջով (սկզբի եւ վերջի նիշերի տարբերությունը 76մետր է):

Ճեմուղին նախատեսված է հետիոտնի (այդ թվում բնակչության սակավ շարժունակ խմբերի), արտակարգ իրավիճակներում՝ մարդատար եւ շտապօգնության մեքենաների համար: Բլրի հակադիր ստորոտում նախատեսված է 20-25 տեղով ավտոկայանատեղ, հարակից տարածքներում ճարտարապետական փոքր ձեւեր (զրուցարան-տաղավար):