Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունների ու մեղադրանքների հերթական չափաբաժինն արձագանքն է արտաքին քաղաքականության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաջող քայլերին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ մոնիթորինգի խափանման վերաբերյալ Ազիմովի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ օրերս հրաձգության պատճառով ԵԱՀԿ մոնիթորինգը հետաձգվել էր: Ղարաբաղյան կողմը մոնիթորինգի խափանման պատասխանատվությունը դնում է ադրբեջանական կողմի վրա: Ադրբեջանական կողմը շտապել է հակառակ մեղադրանքներով: Ահա մի քանի տարի է, ինչ ադրբեջանական կողմը հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունից միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբրեյալ: Ընդ որում ամեն մի առիթ օգտագործվում է հայկական ու ղարաբաղյան կողմի մեղադրելու համար: Բացի այդ մեխանիզմի ստեղծման առաջարկի մերժումը տրամաբանական հիմնավորումներ չունի:

«Ադրբեջանական կողմը կոպիտ կերպով խախտում է միջազգային նորմերն ու դրույթները:  Թեկուզ այն հանգամանքը, թե ինչպես են վարվում գերիների հետ: Մասնավորապես Հակոբ Ինջիղուլյանի դեպքում երկար ժամանակ արգելվում էր Կարմիր Խաչի ներկայացուցիչների հանդիպումը՝ միաժամանակ կազմակերպելով «հարցազրույց»: ադրբեջանական կողմն ինքն է խափանում մոնիթորինգն ու հանդուգն կերպով մեղադրում է ղարաբաղյան զինված ուժերին»,- նշել է Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ նման ագրեսիվ վերաբերմունքը արձագանք է վերջերս ղարաբաղյան պատվիրակության եվրոպական երկրներ ունեցած հաջող այցին: «Սա եւ նմանատիպ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես արտաքին քաղաքականության բնագավառում ԼՂՀ հաջող քայլերի ցավագին ընկալում, ուստի բավական հանգիստ ենք վերաբերում»,- եզրափակել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: