Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստան է ժամանել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երեւանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում, Սերժ Սարգսյանն այդ առումով կարեւորել է խորհրդաժողովի անցկացումը Երեւանում եւ պարոն Յագլանդի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը: Նախագահը երեւանյան խորհրդաժողովը համարել է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առանցքային միջոցառումներից մեկը: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը նպաստել է ԵԽ գործունեությանը եւ շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ ինչպես երեւանյան խորհրդաժողովին, այնպես էլ նախարարների խորհրդում Հայաստանի նախագահությանը մշտապես աջակցելու համար:
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ երեւանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարեւոր եւ առաջնային նշանակություն ունի եւ հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: Նա շնորհավորել է Հանրապետության նախագահին՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության կապակցությամբ: Թորբյորն Յագլանդը կարեւորել է նաեւ ԵԽ երեւանյան գրասենյակի աշխատանքը:
Հանդիպմանը նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու եւ էլ ավելի խորացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության եւ հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:
ՀՀ նախագահը եւ ԵԽ գլխավոր քարտուղարը զրուցել են ԵԽ օրակարգի, Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:





























