Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր պաշտոնական կայքէջում առաջին անգամ հրապարակել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը: Այն նպատակ ունի կարգավորել դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու կարգը: Ծրագրի բացակայությունը բազմիցս քննադատվել է ընդդիմադիր պատգամավորների կողմից:
Ծրագրում նշված է, որ Հայաստանում միջազգային դպրոց հիմնադրելու գաղափարը առաջացել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի մոտ դեռ 2006թ-ին: Նրանց աջակցել են հայտնի գործարարներ եւ գործիչներ Դանիլ Խաչատուրովը, Օլեգ Մկրտչյանը, Վլադիմիր Ավետիսյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վիկտոր Վեկսելբերգը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Իգոր Զավյալովը, Նուբար եւ Աննա Աֆեյանները եւ այլոք:
Նախատեսվում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը ստանալու է հավատարմագրում Քեմբրիջի IGCSE (14-16 տարեկանների համար) եւ IB Diploma (16-19 տարեկանների համար) կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար: Դպրոցում դասավանդման լեզուն լինելու է անգլերենը, ընդ որում` հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու:
Դպրոցում սովորելու են Հայաստանի քաղաքացիներ, Սփյուռքի ներկայացուցիչներ եւ այլազգի սովորողներ: Նախատեսվում է, որ սովորողների քանակը հասնելու է առավելագույնը 650 հոգու, ուսման վարձը լինելու է 30 հազ. դոլար, սակայն սովորողների մեծ մասը ստանալու է նպաստներ, որը թույլ կտա մասնակի կամ ամբողջությամբ մարելու ուսման վարձը: Սովորողների ընտրությունը կատարվելու է միջազգային հանձնախմբի կողմից, ինչը թույլ կտա բացառել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
Ընդհանուր առմամբ, նախագծի իրագործման ներդրումային ծախսերը գնահատվում են ավելի քան 196 մլն դոլլար, իսկ դպրոցի ամբողջ հզորությամբ գործելու դեպքում ընթացիկ ծախսերը տարեկան կկազմեն ավելի քան 10 մլն դոլլար:
Նախատեսվում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը առաջին 90 սովորողների համար իր դռները կբացի 2014 թվականին:





























