Ներգաղթյալների համար հատուկ ռեժիմի սահմանումը գրեթե ոչ մի կերպ չի անդրադառնա հայերի վրա այն իմաստով, որ Հայաստանից բոլոր ներգաղթյալները, որպես կանոն, ենթարկվում են օրենքին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ներգաղթյալների խնդիրներին ու այդ առթիվ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի արտահայտություններին:
«Անօրինական ներգաղթյալներ, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, գրեթե չկան: Եթե Հայաստանի քաղաքացիները փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունենում, ապա նրանք դիմում են Ռուսաստանում ՀՀ դեսպանություն, Ռուսաստանի հայերի միություն, որտեղ նրանց համապատասխան օգնություն են ցուցաբերում: Ուստի ես կարծում են, որ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներ վրա այս ամնեը չի անդրադառնա»,- նշել է նա:
Ինչպես նշել է Լեւոն Մուքանյանը, Ռուսաստանին ներգաղթյալներ պետք են, սակայն, ցավոք, նրանք Մոսկվայից բացի ուրիշ քաղաքներ չեն գնում, քանի որ Մոսկվան տնտեսապես նպաստավոր շրջան է: «Կարծում եմ, որ հաշվի է առնվում կարեւոր հանգամանք. Պետք է տարբերել ներգաղթյալներին, որոնք ՀԱՊԿ շրջանակներում ռազմական գործընկերներ են ու Մաքսային միության շրջանակներում տնտեսական գործընկերներ»,- ընդգծել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը:
Անդրադառնալով Ռուսաստանի ներգաղթյալների ընդհանուր դրությանը՝ ՌՀՄ փոխնախագահը հայտնել է. «Մենք կարծում ենք, որ միգրացիոն խնդիրներով պետք է մշտապես զբաղվել, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ արտակարգ դեպքեր են պատահում, ուստի Մոսկվայի որոշ պաշտոնյաներ փորձում են խնդիրները բարդել ներգաղթյալների վրա. ինձ թվում է, որ սա ոչ ավելին է, քան թեմայի շրջանառում, քանի որ եթե օգնեն ներգաղթյալին օրինականացնել իր կարգավիճակը, նա սիրով կանի դա»: Լեւոն Մուքանյանը վստահ է, որ պետք է ձեւեր ստեղծել, որոնց շնորհիվ իշխանությունները կօգնեն ներգաղթյալներին օրինականացնել իրենց կարգավիճակը, այլ ոչ թե ստիպել նրանց ավելի ու ավելի խորտակվել:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի ու մերձմոսկովյան քաղաքների ներգաղթյալների համար հատուկ ռեժիմ է սահմանել: Նման քայլ քաղաքապետը ձեռնարկել է՝ մեկնաբանելով Արեւելյան Բիրյուլեւոյում տեղի ունեցած անկարգություններն ու արդյունքում միգրացիոն օրենսդրության բազմաթիվ խախտումները: Նա նշել է, որ Մոսկվայում այսօր ապրում է մոտ 500-600 հազար ներգաղթյալ, իսկ Մոսկվայի շրջանում՝ մոտ երկու միլիոն:





























