Նեւադա նահանգի Սփարքս քաղաքի դպրոցներից մեկում ողբերգություն է կատարվել: Երկուշաբթի դպրոցում կրակոցներ են հնչել, զոհվել է երկու մարդ, եւս երկու աշակերտ վիրավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է:
Պարզվում է` զենքը դպրոց էր բերել աշակերտներից մեկը: Դասի ժամանակ նա կրակել էր մաթեմատիկայի ուսուցիչ Մայքլ Լենդսբերիի վրա, որից հետո ինքնասպան էր եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հայտնի է, որ ուսուցիչը փորձել էր վերցնել աշակերտից զենքը, սակայն ի պատասխան մի քանի փամփուշտ էր ստացել:
Reuters-ը վկայակոչելով`«lenta.ru»-ն հայտնում է, որ աշակերտն անսպասելի զայրացել է, հանել ատրճանակը եւ կրակել աշակերտներից մեկի, այնուհետեւ ուսուցչի վրա:
Դրդապատճառները առայժմ հայտնի չեն: Միաժամանակ, ականատեսներից մեկը հայտնել է, որ հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան կրակողը հետեւյալ արտահայտությունն է արել. «Ինչո՞ւ եք բոլորդ ծաղրում ինձ, ծիծաղում ինձ վրա»: Դպրոցը կփակվի մինչեւ շաբաթվա վերջ:





























