Հայաստանը լուրջ ճանապարհ է անցել խոսքի ազատության ապահովման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հայկական նախագահության շրջանակներում անցկացվող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» ներկայացուցչական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության հարցերում, ինչին նպաստել է նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի հետ հաստատված սերտ համագործակցությունը:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ընդգծել է, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընթացող արդյունավետ համագործակցությունը։ Նա ողջունել է իշխանությունների կողմից այդ բնագավառում իրականացվող քայլերը՝  հավաստիացնելով, որ շարունակելու է իր գրասենյակի փորձագիտական աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում հեռահաղորդակցության թվայնացման գործընթացի վերաբերյալ։

Դունյա Միյատովիչը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի գործունեությունը եւ ապագա ծրագրերը։