ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը հոկտեմբերի 22-ին մասնակի հերքել է Ֆրանսիայի քաղաքացիներին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից լրտեսելու տեղեկությունը, որը հրապարակել էր Le Monde-ն:
Ըստ Կլեպերի Le Monde-ի հոդվածում «անճշտություններ ու մոլորության մեջ գցող տեղեկություններ կան»: Մասնավորապես, պաշտոնյան սուտ է որակել այն տեղեկությունն՝ ըստ որի ԱՄՆ-ի ԱԱԳ-ն Ֆրանսիայի քաղաքացիների 70 միլիոնից ավելի խոսակցություններ է հավաքել:
Le Monde-ն հոկտեմբերի 22-ի երեկոյան նաեւ Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթեր է հրապարակել՝ ըստ որոնց ԱԱԳ-ն Genie ծրագրի միջոցով լրտեսում է իրականացրել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Կլեպերի հայտարարությունը Սպիտակ տան կողմից առաջին պաշտոնական հերքումն էր ի պատասխան թերթի հրապարակումների եւ ֆրանսիական իշխանությունների վրդովված արձագանքի:
Ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցները
Մեղադրանքներին պատասխանելով՝ Սպիտակ տունն ընդգծել էր, որ «ԱՄՆ-ն արտաքին հետախուզության տվյալներ հավաքում է այնպես, ինչպես դա անում են բոլոր պետությունները»: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել էր վերանայել տվյալների հավաքման մեթոդը՝ ամերիկացիների անվտանգության եւ մարդկանց անձնական կյանքի իրավունքի հավասարակշռությունը պահպանելու համար:





























