Բեյրութի հայկական «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում, հոկտեմբերի 22-ին, պաշտոնապես բացվել է Հայաստանի հրատարակչատների գրքերի ցուցահանդես-վաճառք, որին ներկայացված են Հայաստանում եւ Լիբանանում տպագրված հայ եւ օտարալեզու շուրջ 300 անուն հրատարակումներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ եւ Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ հրատարակիչների ազգային միության նախագահ Մկրտիչ Կարապետյանը, «Զանգակ» հրատարակչատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, «Խնկո Ապոր» անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Արտ Բրիջ» հրատարակչատան տնօրեն Շաքե Կարապետյանը, Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանը:
Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարեւորելով «Վահե Սեթյանե հրատարակչատան նախաձեռնությունը, նշել է, որ միջոցառումն աննախադեպ է եւ յուրօրինակ, որովհետեւ առաջին անգամ Բեյրութում կազմակերպվում է Հայաստանի, Լիբանանի եւ սփյուռքի հրատարակչությունների համատեղ միջոցառում՝ ցուցահանդես-վաճառք: Նա համոզմունք է հայտնել, որ ձեռնարկը երկարատեւ ազդեցություն կունենա տպագրական եւ հրատարակչական գործերի վրա: Դեսպան Քոչարյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Հոկտեմբերի 23-ին «Փյունիկ» սրահում անցկացվել է կլոր սեղան «Հայաստանի հրատարակչական ոլորտի մարտահրավերներն այսօր» թեմայով:





























