Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության պատճառով դիտարկումն ընդհատվել էր։
Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ նման միջադեպերի կրկնության կանխման կարեւորությունը։





























