Վաղ մանկության հասակում ծանր այրվածքներից տուժած 17-ամյա չինուհուն դեմք են փոխպատվաստել՝ այն նախապես աճեցնելով հիվանդի կրծքի վրա: Ինչպես հաղորդում է Want China Times պարբերականը, շուտով աղջիկը կարող է «օգտվել» իր նոր դեմքից:
Նրա դեմքն այլանդակվել էր հինգ տարեկան հասակում հրդեհի հետեւանքով: Գրեթե ամբողջությամբ այրվել էր աղջկա կզակը, կոպերն ու աջ ականջի մեծ մասը: Ավելի քան 10 տարի նրա ընտանիքն ի վիճակի չէր վճարել անհրաժեշտ բուժման համար: Սակայն անցյալ տարի բժիշկները հիվանդին առաջարկել են բուժման տարբերակ, որը համապատասխանում էր նրան ու նրա ընտանիքին: Բժիշկները չինուհու դեմքն աճեցրել են նրա իսկ կրծքի վրա, հայտնում է Korrespondent.net-ը:
Չնայած նրան, որ հետվիրահատական կադրերը սարսափելի են, բժիշկները խոստանում են, որ փոխպատվաստումից հետո դեմքին մնացած սպիները արագ կառողջանան, ու նա առողջ տեսք կունենա: Վիրահատությունն ընթացել է մի քանի փուլով:





























