Իրանի ոստիկանությունը ուժով ցրել է ընդդիմության կողմնակիցներին, ովքեր հավաքվել էին Թեհրանի գերեզմանոցներից մեկում` հարգելու հուլիսի 12-ի նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերի արդյունքում զոհվածների հիշատակը: Այս մասին այսօր «Ֆրանս պրես»-ին հայտնել են դեպքի ականատեսները:
Իրավապահները չարտոնված ակցիայի մոտ 500 մասնակիցներին ցրելու համար օգտագործել են ոստիկանական մահակներ: Դեպքի վայրում է եղել նաեւ ընդդիմության առաջնորդ Միր Հոսեին Մուսավին, ում ոստիկանությունը «պարտադրել» է լքել գերեզմանատունը: Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մի քանի մասնակիցների:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել ընդդիմադիրներին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհվածների հիշատակի արարողություն անցկացնել: Ընդդիմությունը ցանկանում էր նրանց մահվան 40-րդ օրվան նվիրված արարողություն կազմակերպել:
Իրավիճակն Իրանում արդեն մեկ ամսից ավելի է շարունակում է մնալ լարված: Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, պարտված թեկնածուի կողմանկիցները իշխանություններին մեղադրեցին ընտրությունների արդյունքները կեղծելու համար եւ պահանջեցին չեղյալ համարել դրանք: Բողոքի գործողությունները վերաճեցին զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում Թեհրանում զոհվեց 27 մարդ, մոտ հազարը ձերբակալվեցին:



























