Ինքնին պարզ է, որ հայ-թուրքական գործընթացը կանգ է առել. այն մտել է ողբերգական փուլ։ Մարտի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերություների կարգավորման ներկայիս փուլից։
Ընդգծելով, որ ԱՄՆ Կոնգրեսի եւ այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը ճնշում է Թուրքիայի վրա՝ ստիպելու վերջինիս վավերացնել հայ-թուրքական արձանագությունները, նա, սակայն ավելացրեց, որ Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինքը չի պատրաստվում անել դա. «Թուրքիան իր հերթին մատնանշում է գործընթացի աշխուժացման այլ հանգամանք, այն է՝ առաջխաղացում ԼՂ հարցում»,- շեշտեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ թեպետ հայ-թուրքական գործընթացը դե ֆակտո կանգ է առել, սակայն դե յուրե այդ կանգառը շահավետ չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ արեւմտյան միջնորդներին, իսկ փակուղային այս վիճակից ամենաշատը տուժում ենք մենք։
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր երկրում ապօրինի ապրող հայերին վտարելու մասին վերջին օրերի հայտարարություններին՝ Ե. Բոզոյանը համոզմունք հայտնեց, որ տակտիկական տեսանկյունից այդ հայտարարությունները սխալ են եւ լրջորեն ազդել են Թուրքիայի իմիջի վրա. «Այսպիսի պարզունակ վերաբերմունք Թուրքիայի կողմից, անկեղծ ասած, չէի սպասում։ Սա իսկական նվեր էր մեզ համար»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ Եվրամիություն ձգտող երկրի համար նման սպառնալիքներով հանդես գալն անվայել արարք էր։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս սպառնացել էր վտարել իր երկրում ապօրինի ապրող հայերին, որոնց թիվը, նրա խոսքերով, շուրջ 100000 է կազմում։




























