Տեղեկատվությունը, թե այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած հզոր պայթյունների արդյունքում Հայաստանի քաղաքացիներ են զոհվել, չի համապատասխանում իրականությանը: Մոսկվայի դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004թ. փետրվարի 6-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած այլ ահաբեկչության զոհերի տվյալները:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը ճշտում է՝ կա՞ն արդյոք Հայաստանի քաղաքացիներ այսօր տեղի ուենցած ահաբեկչության զոհերի ցուցակում: Ռուսաստանի ԱԻՆ կայքում կա տեղեկատվություն միայն մեկ տուժածի՝ 1992թ. ծնված Համիկ Մարտիրոսյանի մասին, որը գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել է մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի:




























