Պետության կողմից ֆինանսավորվող ռուսական «Առաջին ալիքի», «Կիրակնօրյա ժամանակ» տեղեկատվական-վերլուծական ծրագրի երեկվա թողարկման ժամանակ, ապատեղեկատվություն է հաղորդվել՝ կապված, մասնավորապես, Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին նրա մասնակցության հետ:

Ապատեղեկատվության հեղինակը, որը վերաբերում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնված հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, ծագումով ադրբեջանցի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան է: Իր մեկնաբանության մեջ, որը վերաբերում է օրերս Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին, նա նշել է. «Ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է, ուստի այդ կառույցին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտակա հեռանկարում դա այդպես էլ կմնա որպես ցանկություն՝ Ադրբեջանի հետ ԼՂ հարցի շուրջ ունեցած չլուծված տարածքային հարցի պատճառով»:

Միաժամանակ, հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության միասնական տնտեսական տարածքին միանալու մասին» փաստաթուղթը, ինչպես նաեւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունը եւ Հայաստանի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Ավելի վաղ, հոկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Մենք աջակցել ենք մեր ինտեգրացիոն նախագծին  միանալու Հայաստանի եւ Ղրղըզստանի մտադրությանը: Պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի առջեւ խնդիր է դրվել առավելագույնս կարճ ժամկետում նախապատրաստել համապատասխան «ճանապարհային քարտեզը»:

Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին» փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն ընդունելու օրվանից, եւ ենթադրում է «աշխատանքային խմբի ստեղծում` Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցի վերաբերյալ (հետագայում` Աշխատանքային խումբ)` դրանում ներառելով Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին»:

Նման ակնհայտ հակասությունը իրականության, եւ պետության կողմից ֆինանսավորվող ռուսաստանյան «Առաջին ալիքի» լրատվական ծրագրերի տնօրինության կողմից եթեր ուղարկվող տեղեկության միջեւ, թույլ է տալիս կարծել, որ ամենայն հավանականությամբ, ապատեղեկատվությունը բացատրվում է ծագումով ադրբեջանցի ռուսաստանցի Իրադա Զեյնալովայի՝ միայն ազգայնական,  «հայրենասիրական» մղումով, Ադրբեջանի ղեկավարությանը դուր գալու ձգտմամբ, որը վերջերս ռուսական հանրությանը ներկայացել էր վատ տեսանկյունից`  Եգոր Շչերբակովի մարդասպան Օրհան Զեյնալովին պաշտպանելու իր փորձերով:

Համենայն դեպս,  չենք ցանկանում մտածել,  թե «Առաջին ալիքի» տեղեկատվական քաղաքականությունը հակասում է սեփական երկրի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության ուղղվածությանը: «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովի հետ այդպես էլ դեռ չի հաջողվել կապ հաստատել նրա աշխատանքային հեռախոսով: