Ռուսական «Առաջին ալիքի» «Կիրակնօրյա ժամը» տեղեկատվական-վերլուծական հաղորդման շրջանակներում հնչած տեղեկությունը իրականությանը եւ հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված փաստաթղթերին չի համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ռուսական «Առաջին ալիքի» «Կիրակնօրյա ժամը» տեղեկատվական-վերլուծական հաղորդման շրջանակներում հնչած տեղեկությանը: Այդ հաղորդման ընթացքում ապատեղեկատվություն է հնչել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի վերաբերյալ:

 «Մաքսային միության երկրները աջակցել են Հայաստանի ՝ Մաքսային միությանը միանալու ջանքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծել, որի առաջ խնդիր է դրված ամենակարճ ժամկետներում նախապատրաստել համապատասխան «ճանապարհային քարտեզ»»,-ընդգծել է Շարմազանովը, հավելելով, որ ամենայն հավանականությամբ, «ճանապարհային քարտեզը» պատրաստ կլինի արդեն այս տարվա դեկտեմբերին:

Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ զարմացել է այն կապակցությամբ, որ «այնպիսի առաջատար լրատվամիջոցը, ինչպիսին է ռուսական «Առաջին ալիքը», տեղյակ չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չկա»: