ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Լիբանանի կառավարության հավասարակշռված կեցվածքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Լիբանանի ԱԳ եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ հանդիպմանը:
Հայաստանի սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՀ-ում Լիբանանի դեսպան Ջեբրաել Ժեարան, Լիբանանի ԱԳ եւ էմիգրանտների նախարարության արտերկրի լիբանանցիների հարցերով գլխավոր քարտուղար Հայսամ Ժումայան:
Հանդիպման ընթացքում նախարար Ալի Շամին իր հերթին նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ալի Շամին համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանի հակամարտությունների լուծումը պետք է գտնել երկխոսության եւ բանակցությունների միջոցով` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Հայաստանի սփյուռքի նախարարն այցելել է «Ազդակ» թերթի խմբագրություն եւ «Վանա Ձայն» ռադիոկայան:




























