«Մեծ ութնյակի» երկրները մտադիր են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Լոուրենս Քենոնը։

Հանդիպման ընթացքում «մեծ ութնյակի» երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել մարտի 29-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունները դատապարտող ելույթներով։ Քենոնը նաեւ համոզմունք է հայտնել, որ բոլոր մեղավորները պետք է արժանի պատիժ կրեն։

Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող ելույթով հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվայում տեղի ունեցած պայթյունները եւս մեկ ապացույց են, որ աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու առաջ, հայտնում է ВВС-ն։

Ավելի ուշ Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ այլ կառույցների ղեկավարներ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ի առավոտյան հզոր պայթյուններ էին որոտացել Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում։ Ահաբեկիչ-մահապարտ կանանց իրագործած պայթյունների արդյունքում զոհվել է 38 մարդ։