Միացյալ Նահանգները հուսով են, որ Թուրքիան ետ կուղարկի իր դեսպանին, որին ետ էր կանչել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելուց հետո:
«Մենք հասկանում ենք պատճառները, թե ինչու է Թուրքիան ետ կանչել իր դեսպանին: Մենք հուսով ենք, որ դեսպանը կվերադառնա այնքան շուտ, որքան Թուրքիան անհրաժեշտ կհամարի»,- լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, հաղորդում է AFP-ն:
Իր հերթին՝ փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգը նկատել է, որ թուրքական կողմը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի քվեարկության վերաբերյալ հաղորդել է իր անհանգստությունը: «Բացի այդ, մենք էլ հստակ ներկայացրել ենք մեր տեսակետը»,- ասել է Սթեյնբերգը:
Նշենք, որ նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ճնշում էր բանեցրել Հիլարի Քլինթոնի վրա՝ թույլ չտալու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
Թուրքիան ետ էր կանչել իր դեսպանին մարտի սկզբին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:




























