Ռուսաստանի պատմության միասնական դասագրքի նոր հայեցակարգում Հոկտեմբերյան հեղափոխությունը ներկայացվել է որպես «Մեծ ռուսական հեղափոխության» մի փուլ: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է ՌԴ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն, «Պատմամշակութային ստանդարտ» նախագծի հեղինակային խմբի անդամ Սերգեյ Ժուրավլյովը:
Հայեցակարգում նշվում է, որ Մեծ ռուսական հեղափոխությունն անցել է մի քանի փուլ, 1917-ի փետրվարին, նույն թվականի հոկտեմբերին եւ 1917-1923 թվականների քաղաքացիական պատերազմը:
Հայեցակարգի ստեղծման աշխատանքային խմբի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում խոստովանել է, որ իրենց աշխատանքի ընթացքում հեղափոխությունները բարդ հարցերի շարքում են եղել: Նրա խոսքով՝ մի մասը համարում է, որ այդ իրադարձությունները հեղափոխություն են, մյուսները՝ հեղաշրջում:




























