Երկարատեւ հետազոտությունից հետո ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրահար զույգերի՝ անընդհատ SMS հաղորդագրությունների եւ սոցիալական ցանցերի միջոցով շփվելը հանգեցնում է հարաբերությունների խզման: Մասնագետները հետեւել են 18-25 տարեկան 276 զույգերի հարաբերություններին, հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով Journal of Couple and Relationship Therapy-ն:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սիրահար զույգերը, որոնք օրվա ընթացքում միմյանց SMS հաղորդագրություններ են գրել, շփվել սոցցանցերում ու չաթերում, աստիճանաբար սկսել են կորցնել հետաքրքրությունը միմյանց նկատմամբ: Ավելին՝ ավելորդ շփումը սկսել է ձանձրացնել զույգերի 43 տոկոսին եւ նրանք բաժանվել են:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ SMS հաղորդագրություն ուղարկող տղամարդիկ, սովորաբար, ցանկանում են հավաստիանալ, որ իրենց զգացմունքը փոխադարձ է, իսկ աղջիկները ցանկանում են ավելորդ անգամ համոզվել, որ իրենց հարաբերությունները կայուն են:

Գիտնականները պարզել են նաեւ, որ որքան շատ են սիրահար զույգերի ընդհանուր ընկերները սոցցանցերում, այդքան ամուր է նրանց ընկերությունը: