Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քաղաքականությամբ զբաղվելու եւ նոր ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բաբայանը նշել է, որ ոչ նոր քաղաքական ուժ ստեղծելու, ոչ էլ որեւէ ընդդիմադիր բեւեռի հետ միավորվելու ցանկություն չունի:
Ըստ Բաբայանի՝ Հայաստանի քաղաքական դաշտի 90 տոկոսը վաղուց պետք է գնար թոշակի: «Մի փայլուն հաղթանակ 16 տարվա ընթացքում մսխեցին, մաշեցին, դեռ խոսում են»,- պարզաբանեց նախկին նախարարը՝ առանց անուններ նշելու:
Լրագրողների համառ հարցին, թե ում նկատի ունի, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ինչքան կան: Քաղաքական դաշտում ինչքան քաղաքական գործիչ կա, բոլորն էլ մասնակցել են այդ մսխելուն: Եւ այսօրվա, եւ երեկվա, եւ այն օրվա իշխանությունները»:
Բաբայանը հայտնեց նաեւ, որ ինքն իր առաքելությունն ավարտվել է դեռ 99 թվականին եւ քաղաքականությամբ չի ցանկանում զբաղվել:




























