Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային եւ կանոնակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ, երկրի միակ կին գեներալ Իրինա Իմերլիշվիլին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, հաստատել է, որ առաջարկ է ստացել զբաղեցնել Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը

«Նման առաջարկ եղել է եւ ես համաձայնել եմ: Երբ նորընտիր նախագահը ստանձնի իր լիազորությունների կատարումը (դա տեղի կունենա նոյեմբերի 17-ին), կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար եւ դա ես կլինեմ»,-ասել է Իմերլիշվիլին:

Նրա խոսքով՝ «Դա կլինի որակապես նոր անվտանգության խորհուրդ, ինչպես նաեւ որակապես ուրիշ կլինի նախագահը, քանի որ ուժի մեջ է մտնում նոր Սահմանադրությունը»:

Իմերլիշվիլին Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի քարտուղարն է, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ներկայումս ԱԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Գիգի Բոկերիան, ով գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմի ներկայացուցիչ է: Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, որտեղ հաղթել է իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: