Նոյեմբերի 1-ից Գերմանիայում ուժի մեջ է մտել քաղաքացիական կացությունը գրանցող օրենքի փոփոխությունը, որը ենթադրում է «չեզոք սեռի» երեխաների լույս աշխարհ գալը:
Նորամուծությունը տարածվում է այն նորածինների վրա, որոնց սեռը հնարավոր չէ որոշել եւ արական, եւ իգական սեռական օրգանների առկայության պատճառով, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով N-tv-ն:
Այժմ նման դեպքերում թույլատրվում է երեխայի սեռը չնշել ծննդյան վկայականում:
Այսպիսով, Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը վճռել է նման երեխաների ծնողներին ժամանակ տալ՝ երեխայի հետագա զարգացմանը հետեւելու համար: Մինչ այդ ծնողները երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրան վիրահատության էին ենթարկում եւ որոշում նրա ապագա սեռը: Հաճախ դա մեծ տարիքում հոգեկան շեղումներ էր առաջացնում նման երեխաների մոտ:
Ըստ գերմանական Spiegel ամսագրի՝ ամեն 4500 երեխաներից մեկը երկու սեռերի նշաններով է ծնվում:
Մեկնաբանելով փոփոխությունը՝ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այն չի ենթադրում երկրում «երրորդ սեռի» ներմուծում, բացի իգականից ու արականից: Ըստ իշխանությունների՝ նման տեսակն ընդգրկված չէ գերմանական իրավական համակարգում:





























