Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մայիսի 30-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում ամփոփվել է 2009 թվականին ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված են բարեփոխումներ 190 ուղղություններով, որոնք ներառում են 277 գործողություններ. «Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում 2009 թվականին զգալի աշխատանք է կատարվել: Հանձնաժողովի շրջանակում ստեղծվել են շուրջ 4 տասնյակ միջգերատեսչական աշխատանքային խմբեր, մշակվել եւ հաստատվել է 10 հայեցակարգ, մեկ ռազմավարություն եւ ազգային 4 ծրագիր: Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ նախանշված գործողությունների 33 տոկոսը կատարված է ամբողջությամբ կամ գտնվում է ավարտման փուլում, մնացած աշխատանքները կիրականացվեն 2010-2011 թվականներին: Հայաստան ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված բոլոր ծրագրերը պետք է սահմանված ժամանակացույցով ժամանակին իրականացվեն»:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ասոցացման եւ խորն ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքը:
Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը:
Նիստում հավանության են արժանացել Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության ծրագիրը, Հայաստանում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի, Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման, Հայաստանում տեխնիկական անվտանգության ապահովման հայեցակարգերը:




























