Սիբիրյան խոցով վարակված անձն արդեն ապաքինվել է, աշխատանքի է գնում, բայց դեռեւս անհայտ է վարակի աղբյուրը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ վարակի աղբյուրը մնում է չբացահայտված:

Այս փորձաքննության հետ կապված նոր գործողություններ կամ նոր նմուշառումներ չեն վերցրել, իմաստ չեն տեսնում: Հովհաննես Մկրտչյանը շեշտեց, որ այդ մարդը խանութից միս է գնել հոկտեմբերի 19-ին, սակայն սիբիրյան խոցը հայտնաբերվել է ուշ, իսկ ծառայությունը խանութ է գնացել հոկտեմբերի 26-ին եւ փորձաքննության համար նմուշառում են վերցրել տվյալ պահին խանութում առկա մսից, ոչ թե այն մսից, որը գնել էր քաղաքացին: Նրա խոսքով՝  «եթե այդտեղ հիվանդությունը մտած լիներ, պարագաներով շփված կլիներ եւ փորձաքննությունը ցույց կտար որեւէ բան»: Դրանից բացի՝ հիվանդի տան պարագաներից եւս քսուքներ են վերցրել:

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ արել են, որպեսզի հայտնաբերեն հիվանդության աղբյուրը, բայց խանութից վերցված մսամթերքի ոչ մի նմուշի մեջ սիբիրյան հիվանդության չի ախտորոշվել: Փոխարենը, այժմ ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը եւ մոնիթորինգը մսի վաճառքի շուկայում, մարզերում կենդանիների մորթի նկատմամբ, հանրապետության ամբողջ տարածքով կենդանիներից արյան նմուշառում են վերցնում՝ պարզելու սիբիրյան խոցով հիվանդությունների դեմ պատվաստված են, թե ոչ: Այս բոլոր միջոցառումները, Հովհաննես Մկրտչյանի խոսքով, մեկ նպատակ է հետապնդում՝ բացառել սիբիրյան խոցի հետագա դեպքերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձեւ)» նախնական ախտորոշումով:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:

Վարակի աղբյուրի պարզաբանման  նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

Հիվանդության տեղայնացման  եւ հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել եւ շարունակվում են իրականացվել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ՝ կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել, որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ: Աշխատանքները շարունակվում են։