«Ժառանգություն» կուսակցությունը կոչով դիմել է Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցություններին եւ Հայ ազգային կոնգրեսին՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր:

«Այս պայմաններում Արցախի եւ hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան` Ժառանգությունը կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին եւ կոալիցիոն կուսակցություններին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, մինչեւ ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձեւավորել նոր, քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով, որում կընդգրկվեն նշյալ 3 ընդդիմադիր եւ 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ:

Ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը` ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ, որն ի վերջո կընդգրկի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ինչպեսեւ Սփյուռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու եւ մյուս հիմնական հարանվանումների ներկայացուցիչներին: Նմանատիպ առաջարկով «Ժառանգությունը» պատրաստվում է պաշտոնապես դիմել նաեւ վերը նշված ազգային միավորներին:

Առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես կդիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջնորդներին` քննարկելու այս առաջարկը եւ վերոնշյալ շրջանակներին ներգրավելու հարցը: