Հայաստանի ՊԵԿ հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերի ընթացքում օրերս «Դանիելյան Նարինե» ԱՁ-ից հայտնաբերվել եւ առգրավվել է 54 շիշ կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված կեղծ կոնյակ։
Հայաստանի ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս դեպքում առկա են քրեորեն պատժելի երկու տարբեր արարքներ` իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաuտում կամ իրացում, ինչպես նաեւ ակցիզային դրոշմանիշների կեղծում կամ կեղծ ակցիզային դրոշմանիշների իրացում։ Քանի որ, հանցագործության պահին արտադրանքի արժեքը գերազանցել է 200 հազար դրամը, ուստի այն ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն համարվում է խոշոր չափերի կեղծում, որի համար նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, այն է` 700 հազար- 1 մլն դրամ։ Տվյալ դեպքում, միաժամանակ կիրառելի է նաեւ ակցիզային դրոշմանիշներ կեղծելու կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներ իրացնելու համար նախատեսված պատժամիջոցը` տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` մեկից երեք տարի ժամկետով:
ՊԵԿ աշխատակիցները «Հակոբյան Հակոբ» ԱՁ-ից նույն օրը հայտնաբերել եւ առգրավել են Եղեգնաձորի ՏՀՏ-ում հաշվառված «Արփա-Ալկո» ՍՊԸ-ի կողմից արտադրված եւ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված թվով 41 շիշ գինու արտադրանք։
Վերը նշված փաստերի վերաբերյալ նյութերը հանձնվել են ՊԵԿ հետաքննության վարչություն:



























