ԳԴՀ նախկին կանցլեր եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գերհարդ Շրյոդերը հայտարարել է, որ կողմնակից է երկրում մեծ թվով թուրքական դպրոցներ բացելուն, հայտնում է գեմանական «Bild» թերթը։

Շրյոդերը կարծում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը շատ կառուցողական առաջարկ է արել։

«Թուրքիայի վարչապետը շատ լավ առաջարկություն է արել։ Մենք պետք է մեր երկրում ավելի շատ գերմանա-թուրքական դպրոցներ ունենանք։ Եւ դա կարեւոր է ոչ միայն թուրքերի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու առումով, այլ նաեւ այն բանի համար, որ Գերմանիան ավելի բազմազգ լինի։ Գերմանիայում գործում են ֆրանսիական, անգլիական, հունական եւ շատ այլ դպրոցներ։ Ինչո՞ւ չեն կարող գործել նաեւ թուրքական դպրոցներ։ Անկախ իրենց արմատներից՝ մեր բոլոր երեխաները պետք է տիրապետեն գերմաներենին»,- հայտարարել է Շրյոդերը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելն իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիայի վարչապետի՝ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու առաջարկությանը։ Նրա կարծիքով, դա կարող է խոչընդոտել ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը գերմանական հասարակությանը։