Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ բացահայտել Մոսկվայի ահաբեկչությունները։ Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվայի մետրոպոլիտենի պայթյուններում, հնարավոր է, «վրացական հետք» գտնվի։
«Եթե ռուսական կողմը կասկածներ ունի, կարող է դիմել մեզ, եւ կան ձեւաչափեր, որոնց շրջանակներում մենք կարող ենք համագործակցել»,- նշել է Յակոբաշվիլին։
«Ավելի վաղ Ռուսաստանում բոլոր մեղքերը բարդում էին հրեաների, իսկ այժմ՝ վրացիների վրա»,- ավելացրել է նա։
Նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ դատապարտել է, դատապարտում է եւ կդատապարտի ահաբեկչությունը, «եթե անգամ այն ուղղված է մեր թշնամիների դեմ»։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ էին որոտացել։ Զոհերի թիվը կազմել է 39 մարդ։ Եւս 72 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներում։




























