«Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ ձախողվել է արտաքին աջակցության ճանապարհով վարչապետ նշանակվելու իր փորձերում, որոնք նա արել էր մոսկովյան, փարիզյան եւ թեհրանյան այցելությունների շրջանակներում»,- մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նշելով, որ երկրորդ հնարավորությունը, որ վարչապետ դառնալու համար փորձեց օգտագործել ՀՀ նախկին նախագահը, կոալիցիայի ներսում սկիզբ առած տեղաշարժերն էին, նա, նկատեց, որ անհաջողության մատնվեց Ռոբերտ Քոչարյանի նաեւ այս փորձը. «ՀՀ նախկին նախագահը ներքին քաղաքական ուժերի միջոցով եւս չկարողացավ վարչապետ նշանակվել, քանի որ ՀՀԿ այս հարցում հստակ սահամանագծում իրականացրեց. Ես դա դեմարկացիա կանվանեի»,- նշեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ ինքը զրոյական է գնահատում հնարավորությունը, որ քաղաքականություն վերադառնալու հարցում Ռոբերտ Քոչարյանին կաջակցի նաեւ հասարակությունը. «Դա նույնիսկ 1 տոկոս հավանականություն չունի»,- ամփոփեց նա։
Նշենք, որ տնտեսական քաղաքականությունը քննադատող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները քաղաքական որոշ շրջանակների հիմքեր են տվել հայտարարելու, որ նա մեծ քաղաքականություն վերադառնալու փորձեր է անում։




























