Հայ-թուրքական սահմանի բացումը կբարձրացնի Հայաստանը թմրամիջոցների տարանցիկ երկիր դառնալու ռիսկը: Այս մասին թմրամիջոցների անօրինական տարանցման վերաբերյալ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ արդեն այսօր նման ռիսկ կա, եւ այդ մասին նշվում է ՄԱԿ-ի համապատասխան զեկույցում: Հայաստանն այդ ցուցակում ներառելու համար առիթ է դարձել այն, որ Բուլղարիայում իրավապահների կողմից հայտնաբերված 400 տոննա թմրամիջոցները տեղափոխվել են նաեւ Հայաստանի տարածքով: Պողոսյանի խոսքով, թմրամիջոցների Հայաստան ներկրելու հարցում հատւկ ակտիվություն են ցուցաբերում Իրանի քաղաքացիները: Մասնավորապես՝ վերջերս Իրանից Հայաստան մտնող մեքենայում հայտնաբերվել է 10 կգ թմրանյութ, այդ թվում՝ 6 կգ կակաչ եւ 4 կգ հերոին:
Ընդհանուր առմամբ, թմրամիջոցների օգտագործման, իրացման եւ տարանցման հետ կապված հանցագործությունների թիվը 2008-ի համեմատ ավելացել է: Եթե 2008-ին այդ հանցագործությունների թիվը հասնում էր 763-ի, ապա 2009-ին այդ թիվը հասել է 1238-ի: Եթե 2008-ին առգրավվել է 24,4 կգ թմրանյութ, ապա 2009-ին այդ թիվը կրկնապատկվել է՝ կազմելով 56,7 կգ: Ընդ որում՝ 2008-ի 763 հանցագործություններից չի բացահայտվել 138-ը, իսկ 2009-ի 1238 հանցագործություններից չի բացահայտվել 42 տոկոսը: 2010-ի առաջին 2 ամիսներին առգրավվել է 32 կգ թմրանյութ: Այդուհանդերձ, 2009-ին ոստիկանության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ոչնչացվել է 105 տոննա կանեփ եւ 75 կգ կակաչ:
Մտահոգիչ է թմրամիջոցների շրջանառությունը քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բանտարկյալներին թմրամիջոցներ են բերում ինչպես նրանց կանայք, այնպես էլ այդ ՔԿՀ-ների աշխատակիցները: Դրա հետ կապված արդեն ՔԿՀ 6 աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
Հունան Պողոսյանը նշեց նաեւ, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործություններում շատ քիչ են կանայք ու անչափահասները: Նրա խոսքով, թմրամիջոցների բիզնեսի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հատուկ վարչություն է բացվել Գլխավոր դատախազությունում:




























