«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի՝ Հայաստանին ամենաձեռնտու տարբերակը տապալումն է, եւ կարեւոր է, որ այդ տապալումը լինի Թուրքիայի կողմից»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նշելով, որ Թուրքիայի համար եւս տապալման սցենարն ամենաձեռնտուն է, նա ընդգծեց, որ գործընթացը Հայաստանի ձեռքով ձախողելու համար այդ երկիրն անում է ամեն բան. «Այդ մասին են վկայում Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ իր երկրում ապօրինի բնակվող հայերին վտարելու մասին սադրիչ հայտարարությունները, որոնք նպատակ ունեն դրդելու Հայաստանին՝ տապալել գործընթացը»,- հայտնեց Ս. Սաֆարյանը։

Որպես հայ-թուրքական գործընթացի երկրորդ սցենար՝ նա նշեց սառեցումը, որը խորհրդարանականի խոսքով, իր մեջ անորոշություն է պարունակում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի համար. «Այս պարագայում Թուրքիան ենթարկվում է մի շարք ճնշումների, որոնց հետեւանքով տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւեր են ընդունվում»,- նկատեց նա՝ արձանագրությունների վավերացումը եւս հավասարապես անցանկալի երեւույթ դիտելով թե՛ Հայաստանի, եւ թե՛ Թուրքիայի համար։

Ամփոփելով՝ Ս. Սաֆարյանը նշեց, որ, այնուամենայնիվ, «հայ-թուրքական հարաբերությունները հաջողելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան ղարաբաղյան հարցը»։

Ասուլիսի մյուս բանախոս, հանրապետական Կարեն Ավագյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած հստակ եւ իրատեսական քաղաքականության շնորհիվ է, որ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա։

«Հայ-թուրքական գործընթացի մասով Հայաստանը նպատակային եւ կառուցողական արտաքին քաղաքականություն է իրականացնում, ինչի վկայությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումն է տարբեր երկրների խորհրդարանների կողմից»,- եզրափակեց նա։