Հայաստան ներմուծվող ապրանքների գերակշիռ մասը Վրաստանի տարածքով է գալիս։ Վրաստանը կարծես թե մենաշնորհային դիրք ունի Հայաստանի նկատմամբ այս հարցում։ Ի՞նչ եք կարծում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում Վրաստանը չի՞ կորցնի իր մենաշնորհային դիրքը եւ արդյոք հնարավո՞ր է, որ դա հակազդեցություն առաջացնի Վրաստանում։
Ես դրա մասին հաճախ խոսել եմ եւ այսօր էլ ուզում եմ կրկնել։ Վրաստանի գլուխ կանգնած են դեմոկրատ ղեկավարներ եւ այդ երիտասարդ առաջնորդների խումբը եվրոպական մտածելակերպ ունի։ Համոզված եմ, որ Հայաստանը ում հետ էլ ճանապարհ ունենա, թեկուզ եւ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանը մնում է մեզ համար ամենամտերիմ երկրներից մեկը եւ այս առումով Վրաստանը երբեք չի խանգարելու Հայաստանի գործունեությանը։
Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակը մինչ օրս պարզի չէ։ Վերջերս հատկապես մեծ աղմուկ հանեց Թբիլիսիի «Նորաշեն» հայկական եկեղեցու հետ կապված դեպքը։ Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը։
Եկեղեցու հարցի լուծմամբ եւ եկեղեցու կարգավիճակով պետք է զբաղվեն հայաստանյաց եկեղեցու եւ վրաց եկեղեցու առաջնորդները։ Այս հարցով զբաղվել ենք նաեւ մենք՝ պատգամավորներս, հայ մտավորականությունը՝ վրացիների հետ միասին։ Հավատացեք, Նորաշենի հարցը կարող եք համարել խաղաղ լուծված։
Կարծիք կա, որ Վրաստանի եւ Հայաստանի ղեկավարության հարաբերությունների զարգացումը միայն դեկլարատիվ բնույթ ունի։ Տեսնու՞մ եք որոշակի քայլեր, որոնք ցույց տան, թե այդ հարաբերությունները լուրջ հիմքեր ունեն։
Ինչ որ ասվում է, անպայման կիրառվելու է, կիրառվում է։
Հայաստանը մտերիմ է Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանի փոխհարաբերություններ Ռուսաստանի հետ այլ են։ Այդ ամենից հետո Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերությունները չեն փոխվում։ Դրա մասին ասել են եւ՛ Հայաստանի եւ՛ Վրաստանի նախագահները։
Ըստ ձեզ, ի՞նչ ընթացք կստանա Ղարաբաղյան հակամարտությունը։ Տարածքների հանձնում կլինի՞։
Տարածքների հանձնում ինչպե՞ս պետք է լինի, մենք արյունով, զոհերով ենք ետ բերել դա։ Չգիտեմ, ես գտնում եմ, որ դա այդպես հեշտ չի լուծվելու։



















