Թուրքական հայտնի Sabah օրաթերթի լրագրող Նազլը Լըջաքը Սինջանի դատարանի նախագահ Օսման Քաչմազին մամուլի միջոցով վիրավորելու մեղադրանքով Ստամբուլի դատարաններից մեկի կողմից դատապարտվել է 11 ամիս 20 օր կալանքի: Դատարանը որոշումը հետաձգել է, սակայն 5 տարվա մեջ նույն հանցանքը կրկնելու դեպքում այն կկիրառվի:

Նազլը Լըջաքը 2009-ի մայիսի 25-ի Sabah-ի համարում քննադատել էր Օսման Քաչմազին, ով վճիռ էր կայացրել, որ նախագահ Գյուլը պետք է դատապարտվի «Կորած տրիլիոն» գործի շրջանակներում:

NEWS.am-ը հիշեցնում է, որ «Կորած տրիլիոն» դատական գործընթացը կապված է դեռեւս 1998 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ, երբ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էին իսլամիստական «Բարօրորություն» (Refah) կուսակցության շարքերում, որի ղեկավարն էր Նեջմեթին Էրբաքանը։ 1998 թվականին Թուրքիայի սահմանադրական դատարանը փակում է «Refah» կուսակցությունը, սակայն մինչ այդ իշխանությունում գտնվող Refah-ի ղեկավարները, կուսակցության փակումից եւ իշխանությունից հեռանալուց հետո չեն վերադարձնում պետությունից ստացած գումարները, որոնք հետագայում պարզվում է, որ գրանցել են որպես կեղծ ծախսեր։