Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հերքում է հերթական անհեթեթ վիճակում հայտնվելու մասին լուրերը, մասնավորապես այն, որ լոռեցի գրողներից մեկին ներկայացնելիս, ով ստեղծագործում է թումանյանական ոճով,  ասել էր՝ Թումանյանի հետիոտներից է:

«Էդ ուրեմն իրենք ինչքան որ անգրագետ են եւ ինչքան որ կարողանում են խոսել,  բնութագրում են ինձ, ես նման հյուրեր չեմ ունեցել, եւ Հովհաննես Թումանյանի հետնորդ ես որեւէ մեկին չեմ համարել, որովհետեւ էս պահին ես չեմ էլ տեսնում, որ որեւէ մեկը հետնորդ լինի: Իսկ էդ հետիոտնը իրենք են»,-ասաց քաղաքապետը:

Սամվել Դարբինյանը հերքեց նաեւ, թե վերջերս Ռուսաստանի Կաբարդինո- Բալկարիա ինքնավար հանրապետությունից ժամանած հյուրերի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե Բալգարիայում (Բուլղարիայում) ինչպես է վիճակը, ոնց են ապրում, իսկ հյուրերը նրբորեն հասկացրել են, որ իրենք Բալգարիայից չեն:

«Մենք նման հյուրեր չենք ունեցել,էդ իրենց հիմար երեւակայությունն է, պարապ են մնացել եւ ուզում են ավելի ազդեցիկ մարդկանց միջոցով իրենց հեղինակությունը բարձրացնեն, բայց դա չի ստացվի իրենց մոտ:

Ինքը «Հրապարակ» չի, ինքը իր անունը «Հրապարակ» է դրել, բայց ընդամենը մի շատ փոքր պուճախ ա, որին սկի չեն էլ ճանաչում»,- ասաց Սամվել Դարբինյանը:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնի է իր թեւավոր խոսքերով: Նրա «եշծե, սուկի» ասույթը մտել է հայկական անեկդոտների տարեգրքի մեջ: Վերջերս նա Ռուսաստանի Կաբարդինո- Բալկարիա ինքնավար հանրապետությունից ժամանած հյուրերի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե Բալգարիայում (Բուլղարիայում) ինչպես է վիճակը, ոնց են ապրում: Հյուրերը նրբորեն հասկացրել են, որ իրենք Բալգարիայից չեն: Իսկ լոռեցի գրողներից մեկին ներկայացնելիս, ով ստեղծագործում է թումանյանական ոճով,  Դարբինյանը հայտարարել է՝ Թումանյանի հետիոտներից է: