Թաիլանդի Պհուկետ կղզում Բանգկոկի ասիական տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը շաբաթ ցերեկը չի կարողացել հաղթահարել բարձունքը, կորցրել է կառավարումը եւ գլորվել ցած։ Զոհեր չկան։ 44 մարդ հիվանդանոցում է, հայտնում է թաիլանդական «Կհոմ Չատ Լիկ» թերթը։
Ավտոբուսն արտասահմանցի ուսանողներին Պհուկետ էքսկուրսիայի տարած չորս հարմարավետ մեքենաներից մեկն է եղել: Պատոնգ լողափի մոտ գտնվող լեռան լանջին չորրորդ ավտոբուսի շարժիչի հզորությունը չի բավականացրել վերելքի համար եւ այն սկսել է հետ գահավիժել: Վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ գլորվել սարից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավտոբուսում գտնվող բոլոր 44 ուսանողներն էլ անմիջապես ուղարկվել են կղզու երկու լավագույն հիվանդանոցներ: Ըստ թերթի՝ նրանից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել, սակայն մեծ մասի վնասվածքները թեթեւ են: Պակիստանցի մեկ ուսանող ստացել է գլխի միջին ծանրության վնասվածք, ասվում է թերթում:
Ավտոբուսի վարորդն, ամենայն հավանականությամբ, փախել է դեպքի վայրից, ոստիկանությունը փնտրում է նրան:





























