Բավականին փաստեր ի հայտ եկան դատաքննության ժամանակ: Այս մասին Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ քննիչը ընդունել է, որ իրականում իրենց չի ծանուցել, փաստաթղթերը չի ներկայացրել, ինքը արձանագրություն չի կազմել եւ նման բան չի եղել, որ Վարդանը հրաժարվի ցուցմունք տալուց:
«Ինձ թվում է դրական որոշում կկայացնի դատարանը, դրական որոշման ենք սպասում»,- նշեց փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը վիրավորված է շատ իր հանդեպ նման վերաբերմունքից, դատարանում քննիչը ասել է, որ օպերատիվ տեղեկություն է եղել, թե Վարդան Պետրոսյանը ցանկացել է փախչել Ֆրանսիա, այդ տեղեկությունները ստացվել են դերասանի եւ Ֆրանսիայում գտնվող նրա բժշկի հեռախոսազրույցների վերծանումից, որտեղ բժիշկը առաջարկել է գնալ Ֆրանսիայում բուժվել, այնտեղ դերասանը ապահովագրված է, ինչից եզրակացրել են, որ Վարդան Պետրոսյանը ցանկանում է փախչել Ֆրանսիա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Քննիչը դերասանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:




























