Ուկրաինայի խորհրդարանը պատրաստվում է նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում քննարկել բանտարկյալների բուժումն արտասահմանում կազմակերպելու հնարավորության հարցը, ինչը թույլ կտա նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեկնել երկրից, հաղորդում է Գերագույն Ռադայի կայքը:

Խորհրդարանի գրաֆիկի համաձայն՝ հաջորդ շաբաթ խորհրդարանի նիստ նախատեսված չէ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները ավելի քան 150 պատգամավորի ստորագրություն են հավաքել, որն անհրաժեշտ է արտահերթ նիստ անցկացնելու համար, որպեսզի քննարկեն Տիմոշենկոյի արտասահմանում բուժման հնարավորության հարցը: Դրանով կլուծվի նաեւ նոյեմբերի վերջին ԵՄ Վիլնյուսի գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի սոտրագրման հարցը:

Տիմոշենկոյին ազատ արձակելու ԵՄ-ի պահանջը ամենաբարդն է Կիեւի համար՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհին: Իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում պայմանավորվել, թե ինչ պայմաններով նրան ուղարկել արտերկիր բուժման: