Թուրքիայում վերջին օրերին սկսել են բացահայտվել Թուրքիայի կողմից Սիրիայում անմարդկային դաժանություններով հայտնի «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը զենքով օգնելու փորձերը։ Այս մասին անդրադարձել է նաեւ թուրքական ազդեցիկ պարբերականներից մեկը։
Թուրքական Taraf-ի լրագրող Էմրե Ուսլուն իր «Որոշները սկսել են երեւան հանել, թե ինչպես է Թուրքիայի միջոցով զենքը գնում Սիրիա» հրապարակման մեջ անդրադարձել է վերջին օրերին Սիրիա ուղեւորվող զինամթերքով բեռնված մեքենաների հայտնաբերման դեպքերին՝ շեշտելով, թե դրանք արդեն աշխարհում սկսել են խիստ ազդել Թուրքիայի վարկանիշի վրա։
«Ավելի վաղ գրել էի, որ MIT-ի (Ազգային հետախուզության ծառայություն) ղեկավար Հաքան Ֆիդանի «համակարգից դուրս» գործողությունները Թուրքիային իզոլացնելու առիթ կդառնան, նույնիսկ Թուրքիային կմտցնեն ահաբեկչությունները աջակցող երկրների շարքում»,-գրել է Էմրե Ուսուլուն՝ հիշատակելով օրեր առաջ Ադանայում կալանված մի բեռնատար զենք-զինամթերքը եւ Էգեյան ծովում կալանված նավը, որում էլ եղել էր 20 հազար «Կալաշնիկով» ավտոմատ հրազեն։





























