Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին:
Անվանի երաժիշտը եւ նրա ղեկավարած նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին Երեւանում հանդես են եկել համերգով: Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով եւ կեզրափակվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: Համերգները կայանում են ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների եւ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին՝ նախօրեին կայացած երեւանյան հրաշալի համերգի համար, որից, ըստ նրա, բազմաթիվ հիացական արձագանքներ կան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Վլ. Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն հյուր չեն համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին եւ մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգեւոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում: Այդ առումով կարեւորվել է նաեւ Գյումրիի այսօրվա գալա համերգը: Նախագահը երախտագիտությամբ է նշել Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու բարձր առաքելության մասին եւս:
Վլ. Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան եւ չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս: Աշխարհահռչակ դիրիժորը պատրաստակամություն է հայտնել ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում եւս առաջիկա տարիների ընթացքում երաժշտական փառատոն անցկացնել:






























