Եթե անգամ Վարդան Պետրոսյանին խնդրեն, որ հանգիստ գնա, նրա համար դա ուղղակի ծիծաղելի կլինի, եւ նա պատրաստ է իր պատիժը կրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը:

«Ինձ համար մի քիչ դժվար է խոսել Վարդան Պետրոսյանի մասին, որովհետեւ նա ուղղակիորեն իմ շատ մոտ, շատ մոտ ընկերն է: Վարդան Պետրոսյանին իմանալով՝ իմ առաջին արձագանքը, երբ  այդ չարաբաստիկ վթարը եղավ, եղել է հետեւյալը. ես մտածեցի, թե ոնց է ապրելու Վարդանը… 30 տարուց ավելին գիտեմ այդ  մարդուն, եւ կրկնում եմ նույն նրա ասածը. նա պատասխանատվությունից հեռացող չէ», - ասել է ռեժիսորն ու հավելել. «Ես որպես քաղաքացի ուզում եմ, որ իմ երկրի քաղաքացուն եւ իմ ընկերոջը օրենքի սահմաններում վերաբերվեն»:

Իր հերթին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշել է, որ դերասանի մեղքը դեռ ապացուցված չէ:

«Նախ ասեմ, որ Վարդան Պետրոսյանին ես համարում եմ իմ ընկերը, եւ կոնկրետ ես էլ իմ ցավակցություններն եմ հայտնում այն ընտանիքին, որը ունեցավ այդ երկու մանկահասակ երեխաների կորուստը: Ինչ վերաբերվում է այս մի քանի օրվա զարգացումներին, կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանի մեղքը դեռ ապացուցված էլ չէ: Եղել են կորուստներ, բայց կոնկրետ Վարդան Պետրոսյանին ձերբակալելով՝ այդ երեխաներին ոչ ոք հետ չի բերի: Վարդան Պետրոսյանն էլ այն անձն է, որ ես որպես ընկեր եմ ասում, նա չի խուսափի արդարադատությունից: Թող քննությունը ընթանա բնականոն ընթացքով: Կարծում եմ, որ ճիշտ չէ Վարդան Պետրոսյանին ձերբակալել, եւ հետո նոր քննությունը սկսել»,-  ասել է թատրոնի տնօրենը:

«Օրենքի համար բոլորը նույնն են՝ լինի դա հանրապետության նախագահ, դերասան, թե լինեմ ես: Վարդան Պետրոսյանին անձամբ ճանաչելով՝ համոզված եմ, որ նա չի խանգարի, չի խուսափի արդար քննության ընթացքից: Եւ իր հայտարարության մեջ նա ասաց, որ պատրաստ է կրել պատիժ, եթե ունի իր մեղավորությունը», - հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: