Մենք արել ենք այն, ինչին հավատում ենք, պարզ է, որ մարդիկ, ում դեմ է դա ուղղված, պետք է մեկնաբանեն յուրովի, դա ոչ զարմանալի է, ոչ անսպասելի, իր ճաշակի, իր մտավոր կարողությունների սահմաններում այդ մարդը այդպես է գնահատում, թող այդպես լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի ««Նախախորհրդարանը» լավ գովազդ արեց «Երեւան-Սիթին» հայտարարությանը:
«Անդրադառնալու առանձնապես բան չկա, եթե այդ պարոնը ուսանողների կարիքների համար պատրաստ է իր գողացած գումարներից, ժողովրդից, նույն ուսանողներից եւ նրանց ընտանիքներից գողացած գումարներից գումար տալ, ավելի լավ ուսանողների համար, եթե դա ճիշտ է, ուրեմն այդ 20 միլիոնը կգնա ժողովրդին, այլ ոչ թե հերթական կաշառքին կամ հերթական ուտուշ-խմուշին, թեեւ դա էլ է յուրահատուկ կաշառք»,- նշեց Տիգրան Խզմալյանը:
Կինոռեժիսորն ասաց, որ Սամվել Ալեքսանյանի ցինիկ հայտարարությունները մեկնաբանության չի ուզում արժանացնել, «իրենք շարունակելու են իրենց պայքարը, որովհետեւ դա բոլորովին «Ծածկած շուկայի» խնդիրը չէ, դա ապօրինության, անօրինականության եւ հակազգային, հակապետական երեւույթների դեմ պայքար է»: ««Ծածկած շուկան» նորից կդառնա շուկա, այլ ոչ թե սուպերմարկետ եւ կվերադառնա հանրությանը, թող պատգամավոր օլիգարխ Ալեքսանյանը չկասկածի:Մենք շատ պարզ բացատրում ենք ինչի համար ենք գնում այնտեղ, ինչի համար ենք գնում Կոմիտաս 5, օպերա, եւ ի վերջո ինչի համար ենք գնալու այնտեղ, որտեղ բոլորս հանդիպելու ենք՝ իշխանափոխությանը եւ համակարգի փոփոխությանը: Իրենք շատ լավ հասկանում են եւ մեր նպատակները, եւ այն, ինչ սպասվում է իրենց բոլորին, երբ օրինականությունը երկրում վերականգնվի»,-նշեց «Նախախորհրդարանի» անդամը:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը հայտնել էր հետեւյալը. «Մենք գովազդին պետք ա մոտավորապես 20 մլն դրամ փող տայինք, էդ 20 մլն դրամը մենք տնտեսեցինք եւ տալիս ենք ուսանող երեխեքին: Իրանք հակագովազդ չարեցին, գովազդ արեցին մեզ: Հաշվեցինք, մի ամսվա մեջ «Երեւան Սիթին» պետք ա գովազդի համար վճարեր 20 մլն փող, հիմա էտի տնտեսել ենք, որոշել ենք, որ տանք ուսանող երեխեքին»:




























