Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, «Երեւանջուր» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել ընկերությունների կողմից վթարների վերացման աշխատանքների հետեւանքով առաջացած անհարմարությունները եւ մայրաքաղաքի փողոցների եւ մայթերի այդ հատվածները բերել պատշաճ տեսքի: 

Զեկուցվել է, որ շարունակվում է վերահսկողությունը, ինչպես մայրաքաղաքում ապօրինաշինությունները կանխելու եւ վերացնելու, այնպես էլ շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ապահովելու ուղղությամբ:

Առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը բացօթյա ապօրինի առեւտուրը կանխելու եւ վերացնելու, ինչպես նաեւ մայրաքաղաքի որոշ հատվածներում դեռեւս նկատվող ապօրինի ավտոկայանատեղիների գործունեությունը կանխելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվում Երեւանի ավագանու կողմից սահմանաված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը չկատարող տնտեսվարողների նկատմամաբ: Հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունն ու, միաժամանակ, հետեւողական լինել հատկապես մայթերին եւ սիզամարգերում կայանած մեքենաների տերերի նկատմամբ համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու մասով:

Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների մասով զեկուցվել է, որ արդեն պատրաստ է Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի շինարարության երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, իսկ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Զեկուցվել է նաեւ, որ Կարապետ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների ճանապարհային հանգույցի շինարարությունն արդեն  ավարտական փուլում է:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման ծրագրերի մասով զեկուցվել է, որ մեկնարկած աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում նախորդ շաբաթ շուրջ  3000 ծառ է տնկվել: Հանձնարավել է ծառատունկը շարունակել այնքան ժամանակ, որքան հնարավորություն կտան եղանակային պայմանները: Ծառերի աշնանային էտի մեկնարկի վերաբերյալ զեկույցի մասով հանձնարարվել է էտից անմիջապես հետո հեռացնել թափված ճյուղերն ու մայթերում ու փողոցներում պատշաճ սանիտարական վիճակ ապահովել: Կոմունալ վարչությանը հանձնարարվել է հետեւողական լինել սիզամարգերում հավաքված տերեւակույտերը ժամանակին տեղափոխելու ուղղությամբ:

Միաժամանակ հանձնարարվել է, օգտվելով եղանակային դեռեւս բարենպաստ պայմաններից, ակտիվացնել հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներն ու այդ, ինչպես նաեւ նախատեսված մյուս տարածքներում մշտադալարների տունկը: